Սերժ Սարգսյանը պիտի հոկտեմբերին գնա Թուրքիա, քանի որ չգնալը բացարձակ հիմարություն է: Այդ մասին «Հայելի» ակումբում լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ըստ Բագրատյանի՝ «Սերժ Սարգսյանը պիտի գնա, քանի որ նույնիսկ թշնամու հետ պետք է նորմալ թշնամություն անել»:

«Չգնալը բացարձակ հիմարություն է: Իհարկե պետք է գնալ, եւ թույլ չտալ, որ Թուրքիան ուրախանա»,- նշեց Բագրատյանը եւ հավելեց, որ պետք է գնալ անգամ, եթե սահմանները չբացվեն. « Չգնալը տղայական մոտեցում կլինի: Սարգսյանն ինքն է սկսել, հիմա իմաստ չկա թշնամացնելը: Դա կլինի տղայական, էմոցիոնալ մոտեցում: Չնայած գնա-չգնա, այս պահին էական հարցեր չեն լուծվելու, բայց մանր հարցերը տասնամյակի ընթացքում դառնում են գործոն»: Բագրատյանը նաեւ նշեց, որ Թուրքիան հզոր ճնշման է ենթարկում Հայաստանին: «Նրանք մեզ գերազանցում են 25 անգամ տարածքով եւ բնակչությամբ, եւ 90 անգամ տնտեսական պոտենցիալով: Չպետք է թույլ տրվեր, որ Թուրքիան հանդես գա առաջին ջութակի կարգավիճակով»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը էական առաջընթաց է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում, իսկ առաջընթացն այն է, որ թշնամանքի մթնոլորտից անցել ենք երկխոսության մթնոլորտի: Ըստ Արսենյանի՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից, թեեւ հասարակությունը դեռ պատրաստ չէ կարգավորմանը, քանի որ հասարակության մեջ գերիշխում են ազգայնական տրամադրությունները: