Մայիսի 3-6-ը քառօրյա աշխատանքային այցով Հայաստանում են գտնվելու Նորվեգիայի Մաքսերի և ակցիզների տնօրինության ներկայացուցիչներ Սեսիլիե Ալնեսը և Աննե Մերեթե Մոե Դալենը՝ Հայաստանի շահագրգիռ մարմիններին ծանոթացնելու նորվեգական Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP): Այս համակարգը հնարավորություն է տալիս անցումային փուլում գտնվող երկրներին զրո տոկոս կամ ցածր տոկոսադրույքով ապրանքներ ներմուծել Նորվեգիա:
Այցի շրջանակում մայիսի 3-ին հյուրերն այցելելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն`քննարկելու Հայաստանում նորվեգական Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) կիրառմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ կներկայացնեն համակարգից օգտվելու մանրամասներ: Հանդիպմանը կմասնակցեն նաև Զարգացման հայկական գործակալության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ այլ մարմինների ներկայացուցիչներ:
Մայիսի 4-ին`ժամը 13-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո թագուհի» դահլիճում նորվեգական պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել սեմինար՝ Հայաստանի գործարար շրջանակների համար, որի ընթացքում նորվեգացի մասնագետները հայ արտահանողներին կներկայացնեն նորվեգական Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) և դրանից օգտվելու մեխանիզմները:
Սեմինարի վերջում կազմակերպիչները կպատասխանեն հայ գործարարներին հուզող հարցերին:




























