Հայաստանում մոլեգնող ֆինանսատնտեսական ճգնաժամի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է:

ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը «Հայելի» ակումբում նշեց, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը ձախողված է: «Ձախողված է այն ինչ հռչակված էր, եւ այն ինչ իրականացվում էր»,- ասաց Արսենյանը եւ հայտնեց, որ ինքն անձամբ է այդ մասին տեղեկացրել Սերժ Սարգսյանին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, մարտին կուսակցապետերի հետ կայացած հանդիպմանը: Ըստ Արսենյանի՝ կառավարության գործողությունները կարելի է որակել որպես «դիմավայա զավեսա»: «Այդպես չեն աշխատում ու պայքարում ճգնաժամի դեմ»,- նկատեց ՄԱԿ նախագահը: Վերջինս նաեւ կտրականապես դեմ է միջազգային կառույցներից պարտք վերցնելու քաղաքականությանը:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր հերթին շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր, որպես այդպիսին, չունի: «Երկիրը խորը ճգնաժամի մեջ է, իսկ մարդիկ չեն ցանկանում տեսնել դա»,- նշեց Բագրատյանը եւ ահվելեց, որ ճգնաժամից խուսափելու համար պետք էր ոչ թե առաջարկը խրախուսել, այլ պահանջարկը, իսկ Հայաստանի կառավարության կողմից առաջարկը խրախուսելու քայլերը միայն ավելի են խորացնում ճգնաժամը. «Այդ մեկ միլիարդից (NEWS.am- նկատի ունի միջազգային կառույցներից վերցված վարկերը) 700 միլիոնն ավելի է խորացնում ճգնաժամը»: Նախկին վարչապետն իր ասածը հիմնավորելու համար կոնկրետ թվեր ներկայացրեց: Ըստ այդմ. 2009թ. առաջին կիսամյակում Ադրբեջանը 4 տոկոս աճ է գրանցել, Ռուսաստանը՝ 10 տոկոս անկում է գրանցել, Վրաստանը՝ 4 տոկոս անկում, միջին համաշխարհային անկումը եղել է 1,5 տոկոս, իսկ Հայաստանում՝ 16,3 տոկոս: «Նույն Գերմանիան 5 տոկոս աճ է գրանցել, մինչդեռ Արժույթի Միջազգային Հիմնադրամի „դամբուլները“ անկում էին կանխատեսում: Իսկ պատճառը պարզ է, փոխանակ խրախուսվեր առաջարկը , խրախուսվեց պահանջարկը, այսինքն փոխանակ արտադրողներին գումար տրվեր, գումար տրվեց սպառողներին, որ գնեն այդ արտադրանքը»,- մանրամասնեց Բագրատյանը՝ հավելելով, որ նույնը ԱՄՆ-ում էր, որտեղ Բուշի վարչակազմը սկզբնապես խրախուսում էր առաջարկը, եւ ճգնաժամն ավելի խորացավ, իսկ Օբամայի վարչակազմը խրախուսեց պահանջարկը, եւ հիմա ԱՄՆ-ը դուրս է գալիս ճգնաժամից:

Ըստ Բագրատյանի՝ «Հայաստանում ճգնաժամի հետեւանքների միայն 9 տոկոսն է պայմանավորված միջազգային ճգնաժամով, 91 տոկոսը Հայաստանի կառավարության հիմարության պատճառով է»:

Նախկին վարչապետը նաեւ լուրջ կասկածներ ունի, որ Հայաստանում տնտեսական անկումը ոչ թե 16,3, այլ 30 տոկոս է:

Հրանտ Բագրատյանը նաեւ նկատեց, որ Հայաստանում ճգնաժամը խորացել է նաեւ Քոչարյանի սխալների պատճառով: «Իր ժամանակ կային խաղի կանոններ, բայց այլանդակ կանոններ Հայաստանը դեռ 30 տարի վճարելու է Քոչարյանի հանցագործությունների համար»,- ամփոփեց Բագրատյանը: