Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) եւ «Նաիրիտ» ՓԲԸ (ՀՀ) միջեւ 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40 տոկոս:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Շանսիի նահանգապետ Վան Ցզյունին: Քննարկվել են այս նահանգի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:



























