Տնտեսական գիտությունների թեկնածու, լրագրող-վերլուծաբան Սամվել Ավագյանը կարծում է, որ Հայաստանում արձանագրվող գնաճը կարող է պայմանավորված լինել ե’ւ արտաքին, ե’ւ ներքին գործոններով: «Գնաճի արտաքին ճնշումներն առկա են, և դա ոչ ոք չի ժխտում, բայց այդ արտաքին ճնշումներն այնքան չեն, որպեսզի հանգեցնեն 6,8% գնաճի։ Եթե մենք նայում ենք եվրոպական երկրների գնաճի ցուցանիշներին, ապա այնտեղ չկա որեւիցե մի երկիր, որտեղ գնաճը գերազանցի 3%-ը։ Եթե նայենք, որ կա գլոբալ միջազգային գնաճային ճնշում, ապա ինչո՞ւ է այնտեղ գնաճը տատանվում 2-3%-ի սահմաններում, իսկ Հայաստանում՝ 6, 7, 8%-ի։ Պատճառը ներքին է»,- ընդգծել է Ս. Ավագյանը: Նա նաեւ նկատել է, որ անգամ կառավարությունն ու Կենտրոնական բանկն են խոստովանում, որ Հայաստանի տնտեսության մեջ կան մենաշնորհային, գերիշխող դիրք զբաղեցնողներ, որոնք կարողանում են գնաճային մանիպուլյացիաներ կատարել, որի արդյունքում գներն աճում են ոչ շուկայական մեխանիզմների հետեւանքով:
Նրա ներկայացմամբ, գնաճին նպաստել է նաեւ այն, որ կառավարությունը 2009 թվականին ընդլայնողական քաղաքականությունն է վարել, ինչպես նաեւ այն, որ Կենտրոնական բանկը դրամական բազան է մեծացրել, ինչը նույնպես որոշակի ժամանակահատվածում գնաճային ռիսկեր է պարունակում։
Այդուհանդերձ, տնտեսագետը նշել է, որ ճգնաժամի պայմաններում կառավարությունը ստիպված էր վարել ընդլայնողական քաղաքականություն, իսկ հիմա երբ դրա կարիքը չկա, նոր գնաճային ռիսկեր չեն սպասվում:




























