ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը չի կասկածում, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ուժերով կգտնեն ճգնաժամից դուրս գալու ելքը:

«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կազմակերպած Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում Ռիժկովը հայտարարել է, թե «վստահ եմ, որ դուրս գալու ելքը կգտնենք միասին, առավել եւս՝ Հայաստանի հետ: Ես դեռ հոգուս վրա մեղք կվերցնեի, եթե այդպես ասեի ԱՊՀ որեւէ այլ երկրի մասին, բայց Հայաստանի մասին խոսում եմ սրտանց: Գիտակցեք, Հայաստանն ու Ռուսաստանը, նաեւ մյուս երկրները պարտավոր են որոշակի քաղաքականություն վարել, փոխլրացնել իրար: Առանց դրա ինչ-որ մեկը հաստատ կկորի: Անհնար է այսօր այսպիսի ահռելի տնտեսական կապերով, որ ընդգրկել է ողջ տնտեսությունը, կողք քաշվել»:

Ռիժկովը նաեւ կարծում է, թե անհնար է գերագնահատել գիտության դերը կյանքի իրողություններում, հավաստիացնելով, որ «առանց գիտության չենք կարող դուրս գալ հաջորդ փուլ»:

Ռուս սենատորն ընդգծել է, թե Հայաստանը, չնայած իր փոքր չափերին ու բնակչության սակավությանը, ահռելի գիտական պոտենցիալ ունի, իսկ երկրում առկա գիտական հիմնարկները կարող են շատ բան տալ արտադրությանը: