Երեկ` մայիսի 6-ի երեկոյան Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության ծրագրին, որով նախատեսվում է զգալիորեն կրճատել պետական ծախսերը՝ դրսից ստացվող ֆինանսական աջակցության դիմաց։ Օրինագծին կողմ են քվեարկել նիստին ներկա 296 պատգամավորներից 172-ը, դեմ՝ 121-ը։ Օրինագիծը ուժի մեջ կմտնի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո:

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ եվրոյի գոտու 15 երկրները Հունաստանին արտոնյալ պայմաններով 3 տարվա ընթացքում 110 միլիարդ եվրո վարկ են հատկացնելու, որի դիմաց Հունաստանի կառավարությունը խոստացել է 30 միլիարդ եվրոյով կրճատել պետական ծախսերը եւ առաջիկա տարիներին ֆինանսական կոշտ քաղաքականություն վարել։

Երեկ երկրի խորհրդարանում վարչապետ Յորղոս Պապանդրեուն հայտարարել է, որ այս ծրագրի այլընտրանքը երկրի սնանկությունն է։

Կառավարության այս ծրագրի դեմ բողոքի իրենց ձայնն են բարձրացրել հարյուր հազարավոր հույներ, որոնք բողոքի ակցիաներ ու գործադուլներ են կազմակերպել: Մայիսի 5-ին Աթենքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով երեք մարդ է զոհվել, որից հետո արհմիությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել պայքարը, սակայն մտադիր են հետո կրկին ոտքի հանել ժողովրդին: