2010 թվականի առաջին եռամսյակի տնտեսական արդյունքները ցույց տվեցին, որ դրական միտումներ են նկատվել եւ նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած 5.5%-ի աճ է գրանցվել: Այսօր` մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ վարդան Բոստանջյանը:

«Սա չի նշանակում, որ տնտեսական ճգնաժամից դուրս ենք եկել, սակայն գրանցված աճը դրա համար լավ նախադրյալ է»,- ասաց նա:

ԱԺ պատգամավորի պնդմամբ, տնտեսական արդյունքների դրական միտումներն ամենեւին էլ պայմանավորված չեն տարվա վերջին կուտակված մուտքերով, ինչպես նշում է ընդդիմությունը:

«Այս միտումներն ընդհանրապես բնութագրական չեն լինում տարվա սկզբի ամիսներին, դա էլ կարեւոր հանգամանք է, եւ ցույց է տալիս, որ դրանք, ըստ էության, ունեն կայուն հեռանկարներ»,-հավելեց Բոստանջյանը։