«Արմավիայի» կողմից այս տարի նախատեսվող նոր չվերթերը կմեծացնեն ուղեւորահոսքը, ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք սպասարկել ավելի մեծ թվով մարդկանց։ Դրան կնպաստի նաեւ օդանավակայանի երկրորդ տերմինալը, որը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի։ Նման հայտարարությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ «Միկա Լիմիթեդ» ընկերության ղեկավար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը։

Նշելով, որ «Արմավիան» տարին այնքան էլ հաջող չի սկսել, նա, սակայն,տեղեկացրեց, որ ամեն ինչ աստիճանաբար շտկվում է. «Հուսով եմ՝ տարին կավարտենք լավ ցուցանիշներով»։

Շարունակելով ավիաընկերության տնտեսական քաղաքականության թեման՝ Բաղդասարովը նշեց, որ ավիավառելիքը ձեռք է բերում «Զվարթնոցը», իսկ հետո գնային որոշ փոփոխությամբ վաճառում է «Արմավիային»։ Ըստ նրա, վառելիքի 1 տոննան այսօր արժե 978 դոլար, սակայն հույս կա, որ սակագները նվազման միտում ունեն։

Ի պատասխան NEWS.am-ի հարցին, թե հասցրե՞լ է արդյոք ընկերությունը հաշվարկել Իսլանդիայում ժայթքած հրաբուխի հետեւանքով հետաձգված կամ չեղյալ հայտարարված չվերթերից իրեն հասցված վնասների չափը՝ Մ. Բաղդասարովը նկատեց, որ եվրոպական փոխադրողների համեմատությամբ՝ «Արմավիան» այնքան էլ մեծ վնասներ չի կրել. «Ճիշտ է, ընդհանուր առմամբ չեղյալ հայտարարեցինք 5 չվերթեր՝ դեպի Փարիզ, Ամստերդամ, Ցյուրիխ ուղղություններով, սակայն եվրոպական ավիաընկերությունների համեմատությամբ մեր բախտը բերեց. մեր կրած վնասներն այնքան էլ զգալի չեն»,- ամփոփեց նա։

Նշենք, որ «Արմավիան» այս տարի նախատեսում է մի շարք նոր ուղղություններ՝ դեպի Բարսելոնա, Վարշավա եւ Արխանգելսկ։ Ինչ վերաբերում է Լոս Անջելեսին, ապա այդ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու համար «Արմավիան» ամերիկյան կողմի թույլտվությունը դեռեւս չունի։