ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ` «Թամարա ֆրուտ» ՓԲԸ կողմից օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով։ Նրան ուղեկցել են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, տռղեկացնոմ են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից։
Կառավարությունը «Թամարա ֆրուտ» ՓԲԸ-ին հատկացրել էր 300 մլն ՀՀ դրամ սուբսիդիա` օրգանիկ այգիների ստեղծման համար։ Նախատեսվել էր ընկերության արտադրական եւ այգեգործական բազայի հիման վրա ձեւավորել ազնվամորու, մոշի, սեւ եւ կարմիր հաղարջի բարձր բերքատու օրգանիկ տնկարան, որը երկու տարվա ընթացքում կապահովի 450.000 հատ տնկի, որոնք կբավարարեն 60 հա այգիների ստեղծմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ եղել է Հոփիկ հանդամասում, որտեղ ընկերությունը ազնվամորու եւ մոշի շուրջ 4 հեկտար տնկարկ է ստեղծել։ Օգտագործվել են Հոլանդիայից ներկրված բարձրորակ սորտեր։
Այնուհետ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում։ Գնահատելով ծրագիրը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս նորամուծությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացում ճյուղի երկարաժամկետ ու կայուն զարգացման համար։ Օրգանիկ պտուղների արտադրությունը, ըստ նրա, հեռանկարային է այն առումով, որ գյուղատնտեսության ոլորոտում ստեղծվում են երաշխավորված եւ կայուն աշխատատեղեր։ Գյուղատնտեսական մթերքի իրացումը, ինչը ներկայիս ամենալուրջ խնդիրներից է, նրա խոսքով, այս պարագայում լուծվում է, քանի որ գյուղացին կարող է իրեն հայտնի գնով վաճառել մեծ պահանջարկ ունեցող այս արտադրանքը։
Ըստ վարչապետի` այս համագործակցությունն իրականացվում է բացառիկ մեխանիզմով, որը ենթադրում է եռակողմ համաձայնագիր կառավարության, «Թամարա ֆրուտ»-ի եւ գյուղացիների միջեւ, ինչը թույլ է տալիս, որ նշված երեք կողմերը վերահսկեն միմյանց, իսկ ֆինանսները ծառայեն նպատակին։ «Կոռուպցիոն ռիսկերն այստեղ բացակայում են»,-ընդգծել է վարչապետը` ավելացնելով, որ մեզանում առաջին անգամ գյուղատնտեսության մեջ կիրառվում է նման տեխնոլոգիա` զարգացնելու օրգանիկ պտղաբուծությունը, ինչը արտահանման մեծ ներուժ ունի։ Եթե 50 հեկտարից ստացվի 1-2 տոննա բերք, ապա կապահովվի մինչեւ 1,5 միլիոն դոլարի արտահանում։ Ընդլայնելով արտադրության ծավալը, օգտագործելով տնկիների բազմացման եւ տարածման հնարավորությունը, նախապայմաններ կստեղծվեն տարեցտարի կտրուկ ավելացնելու օրգանիկ պտուղների արտադրության ծավալը։
ՀՀ կառավարության ղեկավարը գյուղացիական տնտեսություններին կոչ է արել օգտագործել «Թամարա ֆրուտ»-ի դրական փորձը եւ նոր տեխնոլոգիաները` ներդրումներ կատարելով օրգանիկ պտղարտադրության մեջ. «Այս շուկան ահռելի է, բոլորի համար տեղ կա, այժմ խնդիր է դրված մեծացնել օրգանիկ պտղի արտադրության ծավալը»,-ասել է վարչապետը։
Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը բարձր է գնահատել կառավարության այս աջակցությունը եւ նշել, որ հաջողությամբ սկսված գործը մեծ հեռանկար ունի։
«Թամարա ֆրուտ» ընկերության նախագահ Բորիս Հովհաննիսյանը նշել է, որ կառավարության օժանդակությամբ իրականացվող ծրագիրն ընթացքի մեջ է, ներկրված տնկիներն առաջին բերքն են տվել։ Եկող տարի ակնկալվում է մեկ հեկտարից 3-4 տոննա բերք ստանալ, իսկ 3-4 տարուց` 10-12 տոննա։ Նրա տեղեկացմամբ, բացի Վայոց ձորից, նման տնկարկ է ստեղծվել նաեւ Իջեւանի Ազատամուտ գյուղում։ Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար հատկացված 300 միլիոն դրամից ծախսվել է 66,3 միլիոնը։
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը տեղեկացրել է, որ այժմ կատարվում է գյուղացիական տնտեսությունների եւ մենատնտեսների ընտրություն, քննարկվում են Տավուշի, Լոռու եւ Կոտայքի մարզերում ավելի քան 35 հեկտար օրգանիկ այգիների ստեղծման հայտերը։



















