Եվրամիության 16 երկրների ղեկավարներ վեհաժողով են գումարել Հունաստանի ճգնաժամի կապակցությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Սարկոզին հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիա` եվրոյի վրա հարձակումները հետ մղելու համար: Ինչպես հաղորդում է «Ռոյթերզը», Սարկոզին ասել է. «Խոսքն այլևս Հունաստանի մասին չէ։ Մեր առջև եվրոյի գոտու համակարգային ճգնաժամ է, որին անմիջապես պատասխան պետք է տրվի։ Բոլոր եվրոպական ինստիտուտները՝ Եվրախորհուրդը, Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը, միավորվել են՝ հակահարված տալու եվրոյի վրա կիրառված գրոհներին։ Սա համընդհանուր մոբիլիզացում է։ Եվրոյի գոտին միասնական Եվրոպան է»: Սարկոզին ասել է նաեւ, որ եվրոյի դեմ հարձակումները հետ մղելու մեխանիզմը գործի է դրվելու մինչեւ մայիսի 10-ը, երբ կբացվեն բորսաները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել է, որ «ԵՄ-ն բոլոր միջազգային սպեկուլյանտներին հստակ ազդանշան կուղղի՝ ստեղծելով կայունացման մեխանիզմ»:

Վեհաժողովում որոշում է կայացվել ԵՄ տնտեսական կառավարություն ստեղծել, որի կազմում են լինելու եվրոյի գոտու 16 երկրների ղեկավարները եւ ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:

Եվրագոտու վեհաժողովը հաստատել է Հունաստանին օգնության եռամյա ծրագիրը, ըստ որի՝ այդ երկիրը կստանա 110 միլիարդ եվրո: