Պաշտոնական վիճակագրությունից դատելով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամիսներին պրոգրեսիվ բնույթ ունի: Հունվարին նվազագույն 102,3%-ից ապրիլին այն հասել էր տարվա կտրվածքով առավելագույն մակարդակի՝ 104,4%:

Դրա հետ մեկտեղ, արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը այս տարվա առաջին երեք ամիսներին չեն անցել 100 տոկոսից եւ միայն ապրիլին են գերազանցել այն 2,8 տոկոսով: Ապրիլին վերաբերող մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի  մայիսի վերջին, ուստի քննարկենք գործոնները, որոնք ազդել են ոլորտի վրա հունվար-մարտին: Այդ ընթացքում կրճատվել է լեռնահումքային արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալը 1,1 տոկոսով:

Անկում է նկատվել նաեւ վերամշակող արդյունաբերությունում՝ 4,1 տոկոսով, որը կապված է պարենային ապրանքների, ալկոհոլային խմիչքների, ոսկերչական իրերի եւ մի շարք այլ ապրանքների արտարդության ֆիզիկական ծավալների կրճատման հետ:

Ճակատագրական դեր է խաղացել նաեւ հայտնի գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի որոշումը՝ դադարեցնել շաքարի արտադրությունը շաքարի հումքից եւ կրկին ներմուծել այդ արտադրատեսակը: Դրա հետեւանքով, շաքարի «արտադրությունը» դադարել է նշվել վիճակագրական զեկույցներում եւ էականորեն նվազել է ցուցանիշը ինչպես սննդի ոլորտում, այնպես լ արդյունաբերությունում ընդհանրապես:

Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մարտին «արտադրվել է» ավելի քան 22,4 հազար տոննա շաքար:

Գյուղատտնտեսության ոլորտում, որտեղ ներառված է նաեւ ձկնաբուծության ցուցանիշը, ապրիլին արտադրանքի ֆիզիկական աճ է արձանագրվել 2,5 տոկոսի չափով: Նկատենք, որ նախորդ ամիսների համեմատությամբ՝ ոլորտում համախառն արտադրանքի ծավալը գրեթե 1,5 անգամ աճել է: Նման մեծ աճ է գրանցվել նաեւ նախորդ տարվա նույն ամսին, այնպես որ այդ երեւույթը սեզոնային բնույթ ունի: Հիշեցնենք, որ բուսաբուծությունը ապրիլի սկզբին վնաս է կրել վատ եղանակային պայմանների պատճառով:

Միեւնույն ժամանակ, պաշտոնական տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպերը գերազանցում են գնաճը: Ստացվում է, որ ապրիլ ամսին աշխատավարձը տարեկան կտրվածքով 7,4 տոկոս աճ է գրանցել, իսկ գնաճը` 4,4 տոկոս:

Արտաքին առեւտրի ոլորտում հունվար-ապրիլ ամիսներին ուշադրության է արժանի ներմուծման եւ արտահանման աճի տեմպերի մերձեցումը` համապատասխանաբար 102,3 եւ 101,3 տոկոս: Այդուհանդերձ, բազային հարաբերությամբ, ներմուծումը 2,8 անգամ շատ է արտահանումից: Արդյունքում արտաքին առեւտրի շրջանառության բացասական սալդոն աճել է 40,9 մլն ԱՄՆ դոլարով եւ հաշվետու ժամանակահատվածի համար 879 մլն դոլար կազմել: Նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտահանման ծավալն աճել էր 16,1 տոկոսով, իսկ ահա ներմուծումը` կրճատվել 1,1 տոկոսով:

Ալբերտ Խաչատրյան