Սողանքների արդյունքում վթարված Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերականգնումը շարունակվում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Վրաստանի նավթագազային կորպորացիայից:
Մայիսի 6-ին ընկերությունը գործարկել է գազատարը փորձարկման ռեժիմում, ինչի արդյունքում նոր վնասվածքներ են հայտնաբերվել Դուշեթի շրջանի մի շարք հատվածներում:
Վնասվածքների վերացման ուղղությամբ տեղում աշխատում են Նավթագազային ընկերության մի քանի աշխատանքային խմբեր: Հայաստան գազի մատակարարումը կվերականգնվի, երբ լուծվի խնդիրը:
Գազատրանսպորտային ընկերությունը ծրագրում էր լուծել խնդիրը մի քանի օրում, սակայն սողանքները, որ տեղի են ունեցել մայիսի 4-ին Դուշեթի 4 գյուղերում եւ 20-տոննայանոց ժայռաբեկորի անկումը վնասել են գազատարի եւ այլ հատվածներ: Արդյունքում ձգձգվել են վերականգնողական աշխատանքները:
Նշենք, որ Հայաստան բնական գազի առաքումը դադարեցվել էր ապրիլի 28-ին եւ առ այսօր չի վերականգնվել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ գազատարի վերականգնումը կտեւի 3 օր: Մայիսի 6-ին Վրաստանի նավթագազային կորպորացիայի մամուլի քարտուղար Թամարա Շոշիաշվիլին նշել էր, թե մայիսի 7-ին ընկերությունը կնշի այն օրը, թե երբ հնարավոր կլինի վերականգնել գազի առաքումը, սակայն այդ օրը որեւէ հայտարարություն չեղավ:




























