Կրիմինալը միշտ եղել է եւ կա, խոսքն այն մասին է, թե կրիմինալի դեմ ոնց են պայքարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած կրակոցներին եւ ծեծռտուքներին:
«Կրիմինալը միշտ եղել է եւ միշտ էլ կլինի, խոսքը գնում է այն մասին, թե կրիմինալի դեմ ոնց են պայքարում, թե չէ մարդ արարածը իր ծնունդի օրվանից հազար տեսակի հիմարություն է անում, եւ ոչ ոք երաշխավորված չի, թե որ պահին այդ մարդու ուղեղը ոնց կաշխատի: Ուղղակի մենք պետք է որոշակի տրամաբանական կանխատեսելիություն ստեղծենք նախականխման եւ կանխման ինչ-որ մեխանիզմներ դնենք»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե Շիրակում ոստիկանապետ փոխվեց, որպեսզի կրիմինալը վերանա, սակայն նույն ոստիկանապետը ծեծի ենթարկեց ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին՝ ոստիկանապետը չհամաձայնվեց. «Շիրակում դրա համար չի ոստիկանապետը փոխվել, իսկ ինչ մամուլի հրապարակումներին է վերաբերվում, հարցրեք Հատուկ քննչական ծառայությանը, նրանք են այդ հարցով զբաղվում»:
Նշենք, որ վերջին օրերին պատգամավորների եւ հարուստ գործարարների ազգականներն «ակտիվացել են»: Նախ մայիսի 17-ին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը վիրավորեց հինգ քաղաքացիների: Մայիսի 24-ին Բալահովիտում կրակոցներ արձակեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականները: Մեկ օր անց Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, դաժան ծեծի էր ենթարկել Գորիսի բնակիչ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին:





























