Քանի որ հայաստանյան տնտեսությունը հիմնականում մենաշնորհային է, հետեւաբար շուկայական գների մասին խոսք անգամ լինել չի կարող։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը՝ ի պատասխան մեր այն դիտարկման, թե չնայած դրամի արժեվորմանը՝ ներկրվող սննդամթերքի որոշ տեսակների (ձեթ, կարագ, բրինձ, ալյուր եւ այլն) գներն այնուամենայնիվ չեն իջնում։

Եղոյանի խոսքով, շուկայում մենաշնորհային դիրքեր ունեցողներն օգտագործում են հարմար առիթը եւ հսկայական շահույթներ ստանալու համար գործադրում ոչ տնտեսական մեխանիզմներ։ «Այդ մարդիկ օգտվում են իրավիճակից եւ գործի դնում կարտելային համաձայնության սկզբունքը, հետեւաբար ստեղծված իրավիճակը կձգվի այնքան ժամանակ, մինչեւ մեկնումեկը նրանց չզսպի»,- նշեց Եղոյանը՝ չպարզաբանելով, սակայն, թե ով կարող է լինել այդ «մեկնումեկը»:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահի տեղեկացմամբ, սննդամթերքի շուկայի գների ուսումնասիրության՝ իրենց կողմից իրականացվող աշխատանքները դեռեւս շարունակվում են։ «Այդ աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ սննդամթերքի շուկայում գնանկում գրանցվել է միայն հավի ձվի մասով»,- տեղեկացրեց Եղոյանը՝ հիշեցնելով, որ ապրիլին սպառողական մի շարք ապրանքատեսակներ թանկացան մինչեւ 10-15 տոկոսով։

Հարցին, թե շարունակելո՞ւ է արդյոք  իրենց կազմակերպությունը շուկայում իրականացվող մոնիթորինգի աշխատանքները, Աբգար Եղոյանը պատասխանեց, որ իրենց աշխատանքները շարունակական են լինելու։ «Մի քանի ամսվա կտրվածքով արված մեր ուսումնասիրությունները հանրությանը կներկայացնենք ընթացիկ տարվա հուլիսի կեսերին»,- ամփոփեց նա: