Կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Չինաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին:
NEWS.am-ը կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացել է, որ երկու երկրների կառավարություններն ստորագրել են նաեւ նամակ եւ ուղերձ ՀՀ կառավարության անունից ու նամակ եւ ուղերձ Չինաստանի կառավարության անունից: Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, իսկ Չինաստանի կառավարության անունից` ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ֆու Ցըզինը:
Համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց օգնության տրամադրում 20 միլիոն չինական յուանի չափով, որն ուղղվելու է տեխնիկական-տնտեսական համագործակցության ծրագրի իրականացմանը: Նամակով եւ ուղերձով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հատկացրել է շտապօգնության 88 մեքենա:


























