Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ ոչխարների արտահանման խնդրին։ Նրա վստահեցմամբ՝ անցած տարի արտահանվել են 147 հազար գլուխ մանր եղջերավոր անասուններ` հիմնականում գառների տեսքով եւ վերարտադրության ոչ պիտանի մայր ոչխարներ:
«Դա նաեւ մաքրեց մեր մանր եղջերավոր անասուների խմբակազմը: Այդ 147 հազարի շնորհիվ, որ արտահանվեց, անմիջապես մեր գյուղացիների գրպանը մտավ 4-5 միլիարդ դրամ գումար։ Երբեք ոչխարաբուծությունից Հայաստանի գյուղացիները նման եկամուտներ չէին ստացել»,- վստահեցրել է գյուղնախարարը: Նրա ասելով՝ հունվարից սկսած արտահանվել են ընդամենը 22 հազար գլուխ գառներ եւ վերարտադրության ոչ պիտանի ծեր մայր ոչխարներ, որոնցից ընդամենը 13 հազար գլուխը ներկրվել է Վրաստանից, Ռուսաստանից եւ տրանզիտ արտահանվել։ Ընդամենը 8 հազար գլուխ է արտահանվել Հայաստանի հանրապետությունից. դրանք ծերացած ոչխարներ են եղել:
«Հունվարի 1-ի դրությամբ ունեցել ենք 511 հազար գլուխ մանր եղջերավոր անասուններ, որից 433 հազարը մայրական կազմ։ Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում ունենք 919 հազար 800 գլուխ մանր եղջերավոր անասուներ, սա պաշտոնական թվեր են»,- ասել է Ալավերդյանը՝ ավելացնելով, որ պետք է ոչխարի արտահանումը կազմակերպեն այնպես, որ 160-200 հազարի չափով արտահանում լինի:
Իսկ ոչխարաբուծության զարգացման հետ կապված նա ասել է, որ մեկ -երկու կազմակերպությունների հետ արդեն համագործակցում են, եւ հայաստանյան ոչխարներին փոխարինելու են նորերը։ Եթե Հայաստանի ոչխարները 40-50 կգ քաշը ձեռք են բերում 11 ամսականում, նոր տեսակը 6 ամսականում է ձեռք բերում այդքան քաշ, մայր ոչխարները ծնում են զույգ, եւ սեռահասուն դառնում 7 ամսականում:


























