Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի կառավարության պատվիրակությանը`առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուի գլխավորությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: 

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխարտգործնախարարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան` դրական գնահատելով հայ-չինական երկկողմ հարաբերությունների ընդլայնման դինամիկան: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք է որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Չինաստանի առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահության մեծացմանը:

Կողմերը քննարկել են համագործակցության ոլորտների ընդարձակմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարին վերաբերող հարցեր, գոհունակությամբ արձանագրել, որ համատեղ նախագծերը մինչ այժմ իրականացվել են մեծ հաջողությամբ: