Քրդական զինվորական ստորաբաժանումները հրաժարվում են լքել Քիրքուք, Նայնավա, Դիալա մարզերը, որոնք զբաղեցրել էին անցյալ շաբաթ՝ պաշտպանելով «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման զինյալների հարձակումներից: Նրանք պահանջում են Իրաքի Սահմանադրության 140 հոդվածի համաձայն հանրաքվե անցկացնել երկրի քրդական շրջաններում՝ դրանք Քուրդիստանի ինքնավար մարզին միավորելու համար: Տեղական լրատվամիջոցներին հղում կատարելով՝ այս մասին տեղեկացնում է DPA գործակալությունը:

Խոսքը քրդերի զբաղեցրած երեք մարզերի, ինչպես նաեւ Սալահ-էդ-Դին մարզի մասին է: Դրանց բնակչության մեծ մասը քրդեր են, սակայն կառավարվում են Բաղդադից: Իրաքի Սահմանադրությունը, որը երկրի քրդական շրջանների համար հանրաքվեի իրավունք է նախատեսում, գրվել է ԱՄՆ-ի մասնակցությամբ, Սադամ Հուսեյնի տապալումից հետո: Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ավելի վաղ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին խոչընդոտել է 140 հոդվածի կիրառմանը: