2010-ի 5 ամսվա տվյալներով գնաճը Հայաստանում կազմել է 5,3 տոկոս, որի հիմնական բեռն ընկել է պարենային ապրանքների վրա:

Այսօր` հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտենց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ գնաճի առումով տարին բավականին լարված է: «Տխուր է, որ հիմնականում աճում են այն ապրանքների գները, որոնք Հայաստանում են արտադրվում»,- ասաց նա՝ նշելով, որ օրինակ կաղամբի գինը բարձրացել է 30 տոկոսով, բանջարեղենինը` 11-12 տոկոսով եւ այլն:

Հատկանշական է, որ ըստ Բ. Ասատրյանի, միջազգային շուկայում պարենային ապրանքների գները անկում են գրանցում, իսկ մեզ մոտ դրանք շարունակում են աճել: Նա բերեց Չիկագոյի բորսայում գրանցված գները՝ տեղեկացնելով, որ եռամսյակի կտրվածքով հացահատիկի գինը նվազել է 5 տոկոսով, իսկ տարվա կտվածքով` 15 տոկոսով: Բրնձի գինը եռամսյակի կտրվածքով նվազել է 7,5 տոկոսով, շաքարավազը` 5 տոկոսով, իսկ դրան զուգահեռ՝ Հայաստանում այդ ապրանքների գները շարունակում են հետեւողականորեն աճել:

«Սա մոնոպոլացված տնտեսություն ունենալու պարզ դրսեւորում է: Բենզինը, 2009 թվականի մայիսի համեմատ, 2010-ի մայիսին աճել է 31-34 տոկոսով: Այսպես է լինելու, քանի դեռ գործում է նման իշխանություն եւ նման տնտեսական համակարգ»,- ընդգծեց ԿԲ նախկին նախագահը: