Սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը ցանկանում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հրապարակի կենտրոնում դատեն, որպեսզի բոլորի համար դաս լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարարը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Աշոտ Սուքիասյանի Հայաստան տեղափոխվելուց հետո օֆշորային սկանդալը կբացահայտվի, թե ոչ:
«Մամուլից այսօր առավոտյան տեղեկացա, որ Աշոտ Սուքիասյանին բերել են, հիմա սպասում եմ, թե երբ ինձ հարցաքննության կկանչեն: Իսկ դրանից հետո էլ համոզված եմ, որ ամեն ինչ կբացահայտվի եւ Տիգրան Սարգսյանին հրապարակի կենտրոնում կդատեն: Նույնը վերաբերվում է նաեւ Նավասարդ Կճոյանին, որովհետեւ մեծ գումարներ են գնացել իր անունով գրանցված ընկերությանը, այսքանից հետո զարմանում եմ, թե ոնց են հերքում»,- ասաց նա:
Նշենք, որ Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 4-ին ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը: Գործարարը հունիսի 19-ին տեղափոխվել է Հայաստան եւ կալանավորվել:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:





























