Հունիսի 17-19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՆԱՏՕ եւ Գործընկերներ» խորագրով համաժողովը, որը նախագահել է ՆԱՏՕ-ի Վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է ինչպես ՆԱՏՕ-ի եւ Գործընկեր երկրների միջեւ համագործակցության ամրապնդման հարցերի քննարկմանը, այնպես էլ միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների եւ դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը:





























