Ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական էներգետիկ նախագծերը կարող են վերածվել լուրջ համագործակցության։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայ դատի» երևանյան գրասենյակի ղեկավար և ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Ըստ նրա, Հայաստանը պետք է զգոն լինի, որպեսզի այդ համագործակցությունը չդիպչի իր շահերին։ Միաժամանակ Մանոյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և դա ամենևին էլ «մեր գեղեցիկ աչքերի» համար չէ, այլ առաջին հերթին հօգուտ իր շահերի, այդ թվում և հաշվի առնելով Թուրքիայի կողմից բխող հնարավոր վտանգը։ Այնպես որ, խորհուրդ է տվել նա, պետք չէ խուճապի մատնվել, սակայն պետք չէ նաև հույսը դնել միայն Մոսկվայի վրա։ Ըստ Մանոյանի, Երևանն այսօր էլ՝ լինելով ՀԱՊԿ-ում, հիանալի կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։

Մեկնաբանելով այն կարծիքը, թե Ռուսաստանը փորձում է Եվրոպայից իր ձեռքը վերցնել հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնությունը, քաղաքական գործիչն ընդգծել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սկիզբ առած գործընթացը համարում է Երևանի նախաձեռնությունը, որին Անկարան արձագանքեց Հարավային Օսիայում օգոստոսյան պատերազմից հետո։ Ըստ նրա, եթե դա լիներ Արևմուտքի վաստակը, ապա Թուրքիան վաղուց էր տրվել նրա ճնշմանը։ «Այսօր, պարզապես, ԱՄՆ-ը ոգևորվել է այդ, իսկապես երկկողմ նախագծով։ Իսկ Ռուսաստանն էլ չի ուզում անմասն մնալ, որպեսզի այդ գործընթացը հակառուսական բնույթ չստանա։ Չէ որ ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում էր հայ-թուրքական հաշտեցումն օգտագործել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու նպատակով»,- նշել է նա։

Անդրադառնալով երեկ Անկարայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը, Կիրո Մանոյանը նշել է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարների քննարկումների օրակարգի կարևորագույն խնդիրները են եղել էներգետիկ հարցերը, ավելի ստույգ՝ կողմերը քննարկել են իրար հակասող երկու նախագծեր՝ Թուրքիայի կողմից աջակցվող Nabucco-ն ու ռուսական «Հարավային հոսքը»։ Դեռ ավելին, ըստ Մանոյանի, Պուտինի այցի գլխավոր նպատակը Nabucco-ն տապալելու ձգտումն է, որն ըստ էության, հակառուսական նախագիծ է, և, ինչու՝ ոչ, նպատակ ունի Անկարային ներքաշել իր նախագծի մեջ։