Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 20-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արեւշատ գյուղում՝ գինու գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է գյուղը սնուցող գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պարույր Սեւակի փողոցի թիվ 13 տան դիմաց, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 31 TT 011 համարանիշի (վարորդ Ն. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել գազատար գլխավոր խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Ավտովթարի հետեւանքով 20-ամյա Ն.Ա.-ն եւ 20-ամյա Ա. Վ.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել՝ 23.35-ին: Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ: