Հայաստանի տարածքային կառավարման նախարարության  ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի չօգտագործվող ջրագծի խողովակների մոնտաժման հետ կապված խնդրին եւ հարցի շուրջ համայնքի դժգոհությանը, հաղորդում է «ԷկոԼուրը»

Հիշեցնենք, որ Ազատեկի բնակիչներն իրենց դժգոհությունն էին արտահայտել, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն աճուրդի է հանել իրենց գյուղի տարածքում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված ջրագծի խողովակները: Նրանք պահանջում են, որ այդ խողովակները օգտագործվեն համայնքում նոր ջրագծի կառուցման եւ իրենց ջրի խնդիրը լուծելու համար:

ԷկոԼուրին ուղարկած   Ջրային տնտեսության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ ասված է․ «2006թ-ին շահագործման է  հանձնվել Վայքի ենթաշրջանի ոռոգման նոր համակարգը, որը թույլ է տվել տարածաշրջանի շուրջ 1000 հա-ի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով: Ինքնահոսի կառուցման արդյունքում դադարեցվել է  8 պոմպակայանի շահագործում, այդ թվում` Ազատեկի I-ին աստիճանի պոմպակայանի:

Խողովակների ապամոնտաժման նպատակը ոռոգման համակարգի մեկ այլ հատվածում հրատապ նախագծի իրականացումն է. նախագծով նախատեսվում է Վայոձ Ձորի մարզի Ազատեկ համայնքի I-ին աստիճանի չգործող պոմպակայանի ճնշումային խողովակաշարից  տարբեր տրամաչափի մետաղական խողովակներն ապամոնտաժել, տեղափոխել եւ օգտագործել  Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի «Արաքս N2» պոմպակայանի վերականգնման   եւ «Հայկաշեն» պոմպակայանի  կառուցման նպատակով:

Անհետաձգելի  այս նախագծերը պետք է կյանքի կոչվեն Սեւջուր գետի ավազանում. ինչպես հայտնի է, գետը գրեթե ցամաքել է եւ  8000հա-ից ավելի  հողատարածքներ Արարատյան դաշտում հայտնվել են սակավաջրության գոտում:  Երկու պոմպակայանների նախագծերն  ընդգրկված են  ՀՀ Կառավարության 27.02.2014թ. N218-Ն որոշման մեջ, նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են  25.11.2013թ – 24.01.2014թ  «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից:

Պոմպակայնների նախագծանախահաշվային փաստաթղթերի  ձեռքբերումից հետո   կայացել է շինարարների  մրցույթ, որի հաղթողն է «Եղվարդշին»  ԲԲԸ-ն: Շինարարությունն իրականացնելու համար կնքվել է համապատասխան  պայմանագիր, առկա են բոլոր փաստաթղթերը, որոնց թվում նաեւ`  ՀՀ  տարածքային կառավարման     նախարարության ջրային տնտեսության     պետական կոմիտեի նախագահ  Ա.Անդրեասյանի հանձնարարականը, ինչպես նաեւ    խողովակաշարի քանդման` Ազատեկ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Համայնքի ղեկավարին, ի դեպ, բազմիցս եւ մանրամասն ներկայացվել է նախագծի էությունը:

Ամփոփելով տեղեկատվությունը, եւս մեկ անգամ հավաստիացնենք, որ ապամոնտաժված խողովակաշարը ոռոգման համակարգի սեփականությունն է եւ ոռոգումից բացի, այլ նպատակով չի օգտագործվի:

Ինչ վերաբերում է Ազատեկի ոռոգման խնդրին, տեղեկացնենք, որ Ազատեկ համայնքի տնամերձ հողատարածքները ոռոգվում են Փոռի ջրթափ ավազանից սնվող ջրագծի միջոցով, որի նախագծային թողունակությունը կազմում էր 86 լ/վրկ, սակայն այսօր այն 50լ/վրկ-ից չի գերազանցում, ինչն էլ որոշ ջրօգտագործողների դժգոհությունն  է հարուցում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում