Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Սթունհենջի մոտ ամառային արեւադարձի օրը նշելու համար այդտեղ հավաքված ակցիայի 25 մասնակիցներին:

Հարավ-արեւմտյան Անգլիայի իրավապահ մարմինների հաղորդագրության համաձայն, ձերբակալությունները, հիմնականում պայմանավորված են թմրանյութերի օգտագործման եւ տարածման հետ կապված խախտումներով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Սթոունհենջի հնագույն հսկայական քարերի մոտ տարվա ամենաերկար օրը դիմավորելու համար ամբողջ աշխարհից հազարավոր մարդիկ են գալիս, այդ թվում՝ հեթանոսական պաշտամունքի հետեւորդները:

Սթոուհենջը Սոլսբերի հարթավայրում (Ուիլտշիր կոմսություն) մեր թվարկությունից առաջ 3000 - ից 2000թթ. ընկած միջակայքում կանգնեցրած 5 մետրանոց քարերի խումբ է: Որոշ հետազոտողները ենթադրում են, որ Սթոունհենջը հնագույն աստղադիտարան է, սակայն դրա ստույգ նշանակությունը անհայտ է:

Ամառային եւ ձմեռային արեւադարձի օրերին համալիրի այցելուներին հազվագյուտ հնարավորություն է ընձեռնվում գտնվել քարերի շրջանի ներսում: Տարվա մնացյալ օրերին մուտքն այդտեղ արգելված է: