Րոպեներ առաջ, Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սերոբ Գեւորգյանի միջնորդությամբ, Աֆրիկյանների տան ապամոնտաժման աշխատանքները դադարեցվեցին:
Սերոբ Գեւորգյանը, Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ գալով, հայտարարեց, որ ապամոնտաժումը անօրինական է, մոտեցավ ոստիկաններին եւ խնդրեց միջամտել, թույլ չտալ բանվորներին աշխատել: Ոստիկանները հրաժարվեցին օգնել՝ ասելով, որ իրենք իրավասու չեն նման բան անել:
Բանվորները դադարեցրին աշխատանքը, երբ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը մտավ շինհրապարակ եւ մոտ հինգ րոպե խոսեց շինարարության պատասխանատուի հետ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հարակից շենքերի բնակիչները դժգոհում են ակտիվիստների աղմուկից, քանի որ նրանք անընդհատ հարվածում են շինհրապարակի ցանկապատին:
«Խանգարում եք մեր անդորրը, գնացել ուրիշ տեղ պայքարեք»,- բողոքում էր բնակիչներից մեկը:
Նշենք, որ ձեւավորվել է «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնություն, որն ամենօրյա բողոքի ակցիաներ է անցկացնում եւ պայքարում շենքի ապամոնտաժման դեմ:
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որ այն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, ապա «Հին Երեւան» նախագծի տարածք, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։





























