Զարմանալի է, որ քաղաքական գործիչները ուսուցիչների դերի, նրանց կատարած աշխատանքի մասին այդքան շատ են խոսում, սակայն վերջում նրանց աշխատավարձը չեն բարձրացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ հուլիսի 1-ին բարձրանալու են պետական աշխատաողների աշխատավարձերը, բայց ոչ ուսուցիչներինը:
«Անընդհատ նշվում է ուսուցիչների դերի բարձրացման մասին, սակայն նրանց սոցիալական վիճակը բարելավելու համար ոչինչ չի արվում, զարմանալի է: Խտրականություն է դրվում, հենց դա էլ գրեթե առկա է վերջին ժամանակներում ընդունված օրենքների մեջ, ես պարզապես զարմանում եմ»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի համար պարզապես ծիծաղելի է, երբ կառավարության անդամները հայտարարում են, թե աշխատավարձերը բարձրացնում են ի շահ ժողովրդի. «Աջ գրպանից հանում, ձախն են դնում, ասում են՝ աշխատավարձ ենք բարձրացրել, իսկ կուտակայինի անունն էլ դրել են սոցիալական վճար: Սա բիզնես պրոյեկտ է, ոչ թե հարց լուծող քայլ: Անընդհատ հնչեցվում է, թե կուտակայինի մասին նոր օրենքը համապատասխանում է Սահմանադրական դատարանի որոշմանը: Իրականում սա շրջանցում է բոլոր կետերը, որոնք վերաբերվում էին սոցիալական վճարներին: ՍԴ մերժել է եւ պահանջել այդ պահումներ չանվանել սոցիալական վճար, սակայն կառավարությունն անտեսում է: Չի կարելի էդպես»:
Նշենք, որ հուլիսի 1-ին 200 հազար պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացվելու են:




























