Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում ՀԿ-ներին ստորագերլ Օրհուսի կոնվենցիայի Կողմ երկրների հանդիպմանը հանրության կողմից ներկայացվող հայտարարության տակ:
Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի գործընկերներ,
այս տարվա հունիսի 29-ից հուլիսի 2-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի է ունենալու Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում քննվելու են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման եւ դրա համար պատասխանատվության հիմնահարցերը: Հանդիպմանը մասնակցելու են նաեւ Հայաստանի բնապահպանական հարցերով շահագրգիռ հանրության անդամները, ովքեր ներկայացնելու են կոնվենցիայի իրականացման հարցում առկա իրական պատկերը:
Հիշեցնենք, որ Դալմայի այգու եւ Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման առնչությամբ 2008, 2011, եւ 2013 թվականներին Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն արձանագրել է, որ Հայաստանի կառավարությունը ձախողել է կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների ապահովումը եւ ներկայացրել է համապատասխան առաջարկություններ: Մինչ օրս, սակայն, այդ առաջարկություններից ոչ մեկը չի իրականացվել:
Մաաստրիխտի հանդիպմանը մասնակցող հանրության անդամների կողմից պատրաստվել եւ Կողմերի հանդիպմանն է ներկայացվելու մի հայտարարություն կոչ, որով հանրությունը Կողմերին առաջարկելու է Հայաստանի կառավարության նկատմամբ կիրառել պատասխանատվության այնպիսի միջոցներ, որոնք կառավարությանը կստիպեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կոնվենցիայի լիարժեք իրականացման համար:
Սույնով, մենք կոչ ենք անում Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, գիտության եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին,Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին եւ Հայաստանում մարդու իրավունքների, կառավարության հաշվետվողականության համար շահագրգռված բոլոր անձանց եւ կազմակերպություններին ստորագրել այն հայտարարություն կոչի տակ, որը պետք է ներկայացվի Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպմանը:
Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք մինչեւ սույն թվականի հունիսի 28ը գրել [email protected] կամ [email protected] հասցեներով:





























