Դատարանը սահմանափակում է Շանթ Հարությունյանի գործով դատական գործընթացի հրապարակայնությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարեցին Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների գործին նվիրված մամուլի ասուլիսի մասնակիցները:

Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ դատական վերջին նիստի ժամանակ ոստիկանությունը լուրջ պատրաստվել էր, որ ոչ բոլոր քաղաքացիներն ու լրագրողները կարողանան ներկա լինել նիստին: «Նույնիսկ ես, որ մի քանի րոպե ուշացումով էի եկել, դժվարությամբ կարողացա ներս մտնել, որովհետեւ արդեն մուտքերը փակված էին: Այսինքն ունենք մի վիճակ, երբ 14 մարդու քաղաքական հայացքների համար մեղադրվում են ու հիմա էլ խոչընդոտում են դռնբաց դատական նիստի անցկացմանը:

Եթե փոքր դահլիճում անցկացվի, ապա մենք եւս հնարավորություն չենք ունենալու իրականացնել մեր պաշտպանյալների պաշտպանությունը:

Սա դատական նիստերի անցկացման հրապարակայնության խախտում է, որը թույլ են տվել իշխանությունները»,-ընդգծել է նա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ դատական գործընթացը ռեժիմի կողմից ապօրինի դրսեւորման շարունակությունն է: «Այն քրեական հետապնդումը, որ սկսվեց Շանթի եւ ընկերների նկատմամբ, լրիվ անհիմն է: Նման սահմանափակ պայմաններում, դատական պրոցեսին քաղաքացիների, լրագրողների, պաշտպանների համար ոչ պատշաճ պայմանների ապահովումը պատժիչ բնույթ ունի: Սրանով դատարանը ցույց է տալիս իր կանխակալ վերաբերմունքը Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ:

Շանթն արդեն իսկ գնահատական տվել էր «սուչի զոնայի» մասին: Շանթի նկատմամբ քաղաքական հետապնդումը հետապնդում է քաղաքացիների նկատմամբ, եւ վերջիններս պետք է հնարավորություն ունենա մասնակցել նիստին: Քանի որ դատապարտվում է ոչ թե Շանթ Հարությունյանը, այլ ՀՀ քաղաքացին: Շանթի եւ նրա ընկերների բողոքն ուղղված է Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին միանալու անօրինական որոշման դեմ»,-հայտարարել է Սաքունցը:

Նրա խոսքով՝ սա միտում Շանթ Հարությունյանին եւ նրա համախոհներին ունի զրկելու լսարանից, քանի որ գիտեն, որ դա դատավարություն է լինելու իշխանությունների դեմ: «Դրա համար ուզում են քիչ լսելի դարձնել այն:

Կարծում եմ, իմաստ ունի նաեւ քաղաքական բանտարկյալների կողմից բոյկոտել նիստը, մինչեւ պահպանվեն նորմալ պայմաններ դատական գործընթացի համար:

Քաղաքական գործընթացը պետք է լինի հրապարակային, միայն ավտորիտար համակարգերում են սահմանափակում բաց դատական նիստերը»,-ասել է նա:

«Շանթ եւ ազատություն» բարեգործական հիմնադրամի անդամ, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն էլ հավելել է, որ եթե Շանթն ու նրա ընկերները լինեին քրեական հանցագործներ, նրանց ավելի մեծ դահլիճ կտրամադրվեր: «Դա տրամաբանական է, քանի որ Հայաստանում քրեական աշխարհն ավելի մեծ տարածք է զբաղեցնում, քան քաղաքականը: Դա Հայաստանի պետության էության մասին է խոսում»,-ընդգծել է նա ու հավելել. «Եթե ՀՀ դրածո իշխանությունները մի փոքր ինքնուրույնություն ունեն եւ ուղղակի չեն ենթարկվում ռուսական ինչ-որ եֆրեյտորի, պիտի ապահովեն նորմալ պայմաններ դատական գործընթացի համար: Սա նաեւ խոշտանգում է, քանի որ մեղադրյալների հարազատները մնացել են այս տապին արեւի տակ: