Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի պատրաստվում վարույթ հարուցել «Դեմ եմ» քաղաքացիական ակտիվիստներին հայհոյած Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը, քանի որ պատգամավորների էթիկայով իրենք չեն զբաղվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեգ Շուշյանը:
Նրա փոխանցմամբ՝ պատգամավորների էթիկայի հարցով զբաղվում է Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը, հետեւաբար, վարույթ հարուցելու մասին խոսք լինել չի կարող:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ մի դիմում չեն ստացել:
Նշենք, որ հունիսի 21-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը հայհոյել էր «Դեմ եմ»-ի անդամներին, երբ վերջիններս պատգամավորի վրա կոպեկներ են նետել: Միջադեպից հետո «Դեմ եմ»-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, եւ 44-րդ հոդվածի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու, պահանջները` գտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից հայհոյանք պարունակող արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր եւ պատշաճ վարքագիծ է, ինչպես նաեւ էթիկայի կանոնների կոպիտ խախտում»:





























