Աշխարհում ունեցած տեղը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Հայաստանը վարում է իր պատմությանն ու աշխարհագրությանը համապատասխան քաղաքականությունը: Այս մասին հունիսի 23-ին «Երեւանի եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկմանը հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Ըստ դիվանագետի` այս համատեքստում Հայաստան ռազմավարությունն ուղղված է մի կողմից, սեփական անվտանգության երաշխիքներ ապահովելուն, մյուս կողմից էլ՝ երկրի տնտեսական զարգացմանը, հաշվի առնելով այդ երկու նպատակների փոխադարձ կապը: «Հավանաբար, դա դարձել է Հայաստանի իշխանությունների կողմից երկու որոշում ընդունելու պատճառ. անդամակցել Մաքսային միությանը, որը Եվրասիական տնտեսական միության հիմքն է, եւ մյուս կողմից էլ՝ հաստատել եւ խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ», - ընդգծել է Ռենոն: Դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանի` եվրաինտեգրման ձգտումը նորից հաստատվել էր ԵՄ «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովում:
2013թ. նոյեմբերի 28-29-ին ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում Հայաստանը չէր նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, փոխարենը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընդունվել էր հետագա համագործակցության մասին համատեղ հռչակագիր:





























