Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Ալեք եւ Մարի Մանուկյան» Գանձատանը, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այսօր՝ հունիսի 23-ին, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) եւ «ՄԳԱ Վոթըր» ՍՊ ընկերության միջեւ Համագործակցության hուշագրի ստորագրման արարողությունը:
Համագործակցության հուշագրի կնքման նպատակն է նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, մանուկների սոցիալական վիճակի բարելավմանը նպատակաուղղված ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, երեխաներին ուղղված մշակութային, հոգեւոր-բարոյական դաստիարակության, գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը, երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:
Արարողությունը բացվեց աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Այնուհետեւ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթե Ահրենսը եւ «ՄԳԱ Վոթըր» ՍՊ ընկերության խորհրդի նախագահ, UNICEF-ի Ազգային դեսպան Գագիկ Մարտիրոսյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիրը, ապա շնորհավորեցին ներկաներին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ սկզբնավորվող այս համագործակցության առիթով` վստահություն հայտնելով, որ այն նոր խթան պիտի հանդիսանա Հայաստանի մանուկների բարօրությանն ուղղված տարաբնույթ ծրագրերի մշակման եւ իրականացման համար:





























