Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հունիսի 27-ը:

ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում Սարսանգի ջրամբարի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հարցերն են: Բացի այդ, ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում պատրաստել է 58 խորհրդարանականների ստորագրությամբ բանաձեւի նախագիծ՝ պահանջելով պատժիչ միջոցառումներ կիրառել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նկատմամբ:

Նստաշրջանի առաջին օրը ԵԽ նախարարների կոմիտեի անունից պատվիրակությունների առջեւ հանդես կգա վերջինիս ներկայիս նախագահ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանը Նախարարների կոմիտեն նախագահում է մայիսից մինչեւ նոյեմբեր: Երեքշաբբի սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը:

Նստաշրջանի առաջին օրը շվեյցարացի պատվիրակ Անդրեաս Գրոսսը կներկայացնի մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահական ընտրություններին վեռրաբերող զեկույցը: Հունիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախատեսում է այցելել Ստրասբուրգ: Նա պետք է ելույթ ունենա պատգամավորների առջեւ եւ ներկայացնի Դոնբասում իրավիճակի կարգավորմանն ուղղված իր խաղաղ պլանը:

Ռուսական պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին, քանի որ ապրիլի 10-ին կազմակերպությունը հաստատել էր նրա լիազորությունները, սակայն մինչեւ տարվա վերջ զրկել էր ձայնի իրավունքից՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների պատճառով: Ռուսական պատվիրակությունը, ի նշան բողոքի, ցուցադրաբար լքել էր ապրիլյան նստաշրջանը, այնուհետեւ որոշել չմասնակցել ԵԽԽՎ-ի աշխատանքներին մինչեւ լիազորությունների ամբողջովին վերականգնումը: