Լարված վիճակ է ստեղծվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ այսօր՝ հունիսի 23-ին։ Ոստիկանները փակել են ճանապարհը եւ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ հանձնաժողովի գրասենյակին: Մի քանի տասնյակից ավելի հավաքված քաղաքացիները բացականչում են «ճանապարհ» եւ ոստիկաններից  բացատրություն են պահանջում, թե ինչու են փակել ճանապարհը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկաններն ավելի շատ են, քան ակցիայի մասնակիցները:

Ակտիվիստները վանկարկում են «թուրքեր»,  իրենց հետ բերել են «Փող տպելու ապարատը փչացելա», «Էլեկտրաէներգիայի թանկացում, հացի թանկացում, կյանքի թանկացում» գրություններով պաստառներ:

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով: