Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի 11-ամյա դուստրն այսօր՝ հունիսի 23-ին, իր ծննդյան օրը, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան էր եկել՝ հոր հետ հանդիպելու։ Դատավոր Լեւոն Ավետիսյանը մինչեւ դատական նիստը թույլատրեց մեղադրյալին մի քանի րոպեով տեսակցել դստեր հետ:

11-ամյա Ալլան NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերից չէր տեսել հորը եւ շատ կարոտել էր:

Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդեց հաջորդ դատական նիստը հետաձգել, որպեսզի ինքը պատրաստվի մեղադրական ճառին: Դատավորը բավարարեց միջնորդությունը, հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին:

Նշենք, որ  դատարանի բակում այսօր ազատամարտիկները ստորագրահավաք էին կազմակերպել, որպեսզի դիմեն Արդարադատության խորհուրդ՝ իրենց «կանանց փեշի տակ մտած» անվանելու համար դատավոր Լեւոն Ավետիսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։