Թաիլանդում բանակի կողմից տապալված կառավարության կողմնակիցները հայտարարել են սեփական քաղաքական շարժման ստեղծման մասին, որը թագավորությունում եւ դրա տարածքից դուրս կմիավորի պետական հեղաշրջման հակառակորդներին: «Հանուն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ազատ թաիլանդցիների կազմակերպություն» ստեղծելու մասին հայտարարությամբ հանդես է եկել ներքին գործերի նախկին նախարար Չարուպոնգ Ռուանգսուվանը, որը նաեւ նախկին իշխող «Պիա թայ» կուսակցության ելակետային առաջնորդներից էր:

«Խունտան խախտել է մեր օրենքները, ժողովրդավարական սկզբունքները, զրկել մեզ մեր իրավունքներից ու ազատություններից, արժանապատվությունից», - Թաիլանդի բնակչությանն ուղերձի ժամանակ ասել է նախկին նախարարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Հանուն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ազատ թայլանդցիների կազմակերպությունը» ապօրինի կգործի, քանի որ Թայլանդում ռազմական կառավարության դեմ ուղղված ցանկացած ելույթ այժմ արգելված է օրենքով:

Հիշեցնենք, որ Թաիլանդում մայիսի 22-ին ռազմական գործիչների կողմից պետական հեղաշրջման արդյունքում իշխանությունից զրկվել էր քաղաքացիական կառավարությունը, կազմալուծվել էր սենատը, դադարեցվել սահմանադրության գործողությունը: Իշխանության գլուխ էր բարձրացել Թաիլանդի ցամաքային զորքերի պետ, գեներալ Պրայուտ Չան Օչան:

Նրա խոսքով՝ բանակի գործողությունները 2013թ. նոյեմբերից Թաիլանդում չդադարող հակակառավարական ելույթների պատասխանն էին: