Աստանայում հունիսի 24-ին բացված ԱՊՀ պետական տեղեկատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի XVIII նիստում քննարկվում են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները եւ  Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների նախապատրաստությունները:

Օրակարգում են լրագրողական գործունեության եւ ստեղծագործական համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաեւ Համագործակցության տարածքում տեղեկատվական փոխգործակցության թեման՝ ներառյալ համատեղ նախագծերի իրականացումը ԱՊՀ տեղեկատվական գործակալությունների ազգային ասոցիացիայի շրջանակում, հայտնել են Խորհրդի կազմակերպչական կոմիտեում:

Նիստի մասնակիցները քննարկել են 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման համատեղ նախագիծը: Նիստի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պետական տեղեկատվական գործակալությունների ղեկավարները: