WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը Ղազախստանի լրագրողների միության մրցանակաբաշխության «Լրագրողական քննություն» անվանակարգում մրցանակակիր է դարձել: Այս մասին ասվում է միության տարածած հաղորդագրությունում:
«Ամեն տարի մենք լրագրողներին առաջադրում ենք մրցանակի: Այս տարի մրցանակակիր են դարձել զանգվածային լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչներ: Եվ լրագրողների միության ղեկավարության որոշմամբ՝ «Լրագրողական քննություն» անվանակարգում մենք որոշեցինք մրցանակը շնորհել Ջուլիան Ասանժին: Առաջին հերթին, դա կապված է WikiLeaks-ի հետ, ինչպես նաեւ Ասանժը ղազախական լրատվամիջոցներին մեր երկրի հետ կապված նյութեր է տրամադրել», - նշել է միության նախագահ Սեյթկազի Մատաեւը:
«Այսօր՝ ընթրիքից հետո, մենք Ասանժին կուղարկենք դիպլոմ եւ ֆունտ սթերլինգի փոխարկված դրամական պարգեւ: Ծանրոցը կուղարկենք Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն», նշել է միության նախագահը:





























