Օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանը պատրաստվում է առաջիկա օրերին ցուցմունք տալ, որից հետո էլ արդեն բոլորի համար պարզ կլինի, որ այս գործում ոչ մի սենսացիա չկա, Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ գործի հետ կապ չունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը:
«Աշոտ Սուքիասյանը կարճ ցուցմունք տվել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ունի համապատասխան փաստաթղթերը, որ պետք է ներկայացնենք: Աշոտ Սուքիասյանը համոզված է, որ իրեն սխալ մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությունը ցույց կտա ամեն ինչ: Օֆշորային սկանդալը վերացական է, սա տնտեսական գործ է, փաստաթղթային: Եթե անձը ցույց է տալիս փաստաթղթերով, թե որտեղ ինչքան գումար է ծախսել, ապա սխալ է խոսել օֆշորի եւ նման այլ թեմաներով: Պարզապես փորձում են շեղել բուն թեմայից: Սպասենք նախաքննությանը»,- ասաց նա:
Պաշտպանը համոզված է, որ մինչեւ Աշոտ Սուքիասյանի հայտնվելը՝ ամեն ինչ միակողմանի է ներկայացվել, իսկ հիմա արդեն իր պաշտպանյալը կտա բոլոր հարցերի պատասխանները: Մեր հարցին՝ արդյոք Աշոտ Սուքիասյանը գործել է Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ՝ Յուրիկ Խաչատրյանն ընդգծեց. «Դատական նիստի ժամանակ, երբ որոշվում էր խափանման միջոցը, ներկայացվեց Փայլակ Հայրապետյանի ցուցմունքը, որտեղ նա ասել էր, որ Ձեր նշած անձինք կապ չունեն այս գործի հետ, ինքը նման տեղեկություններ չունի: Աշոտ Սուքիասյանն ամեն դեպքում նման անձանց մասին չի խոսել, նման թեմաներ չկան արծարծված: Իմ պաշտպանյալը ցուցմունք կտա եւ ամեն ինչ պարզ կլինի»:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը Վրաստանից արտահանձնվել է հունիսի 19-ին եւ նույն օրն էլ կալանավորվել է:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:





























