Հասկանալի չէ, թե ինչու Հայաստանի իշխանությունները «հրաշալի» կուտակային կենսաթոշակները չեն առաջարկում նաեւ ուժայիներին: Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, այդ մտածելու առիթ է տալիս, արդյո՞ք այդքան լավն է կենսաթոշակային համակարգը, ինչպես այն ներկայացնում են, եւ ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում փորձել զինվորականների եւ ոստիկանների համբերությունը:

«Այդ մեծ լավությունը նաեւ մեր զինվորականներին եւ ոստիկաններին արեք, մի՞թե նրանք արժանի չեն դրան: Իսկ եթե ավելի անկեղծ՝ այս ամենը շատ տխուր է:  Իշխանություններն անցել են «ինչ կարողանանք, այն էլ կանենք» բանաձեւին: Օրենքը, որի դեմ այդքան «SOS» գոչեցին, անցավ մեկ-երկու ձայնի տարբերությամբ: Քանի որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր. վերջ դնել այդ հարցին, որպեսզի ԱՄՀ-ում ասեն, որ ամեն ինչ կարգին է: Եվ խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն առաջնորդի հանձնարարությունը կատարեցին հնարավոր բոլոր միջոցներով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Այդուհանդերձ, նա հավելեց, որ հիմա ոչ իշխանական ուժերի քառյակը նախկինից ավելի համախմբված եւ չարացած է. «Եթե իշխանությունները փոխզիջման փոխարեն սրացման են գնում, մենք կընդունենք խաղի կանոնները: Մեր ուժը ժողովուրդն է, եւ աշնանը մենք կփորձենք հնարավորինս շատ մարդ հավաքել քառյակի համատեղ հանրահավաքին»:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները խորհրդարանը հունիսի 21-ին արտահերթ նստաշրջանի ժամանակ ընդունեց ձայների չնչին տարբերությամբ, քանի որ ոչ իշխանական ուժերի քառյակը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») չմասնակցեց քվեարկությանը: Նախկին պարտադիր կուտակային վճարներն օրենքը չեղյալ չհամարեց, այլ միայն «օրինականացրեց»՝ դրանք վերածելով պարտադիր սոցվճարների (փաստորեն, դրանք նույն սոցվճարներն են, որոնք 2013 թվականից ներդրվել են եկամտահարկում եւ հիմա ներդրվում են երկրորդ անգամ): Պետական ծառայողները պետք է նոր համակարգին մասնակցեն անմիջապես, մասնավոր հատվածը՝ երեք տարի անց: Այնուամենայնիվ, ուժային կառույցների աշխատակիցների վրա բարեփոխումները չեն տարածվել: Նկատենք, որ նախկինում նույնպես նրանց աշխատավարձերից սոցվճարումներ չէին պահվում, բայց այն ժամանակ դրանք վճարում էր պետությունը: Իսկ հիմա, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չի վճարի: