Երեւան քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի պատվոգրերով եւ մրցույթի խորհրդանշական մրցանակներով։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի անունից հաղթողներին շնորհավորել եւ պատվոգրերը հանձնել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։
Մրցակարգով սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը։ Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի մրցութային 2-րդ տեղում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, 3-րդում՝ Ղ. Սարյանի անվան երաժշտական եւ արվեստի դպրոցը։ Լավագույն եռյակում ընդգրկված դպրոցները, բացի պատվոգրերից, ըստ մրցութային տեղերի ստացել են նաեւ դրամական պարգեւներ։
Երեւանի քաղաքապետի պատվոգրով է պարգեւատրվել նաեւ մրցույթ-փառատոնի՝ ավանդական դարձած «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացած Խաչիկ Անդրեասյանը, ով Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սան է։
Մրցույթն անցկացվել է 11 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային գործիքներ, հարվածային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, ազգային նվագարանների համույթներ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն։ Մայիսի 5-ից 25-ը անցկացված մրցութային լսումներին մասնակցել է շուրջ 2000 աշակերտ՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի բոլոր 25 դպրոցներից։ Մրցույթ-փառատոնի մասնագիտական հանձնաժողովը նախագահել է Երեւանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը։
«Ընտրված էր բավականին հեղինակավոր ժյուրի, խորապես վստահելի անհատներ։ Նրանց մասնագիտական ճշգրիտ գնահատականներում, վստահ եմ, անաչառորեն արտահայտված է Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցներից յուրաքանչյուրի մասնագիտական տարեկան առաջադիմությունը, որակն ու ինքնությունը։ Առաջին տասնյակում թեեւ քիչ, բայց առկա փոփոխությունը արտացոլում է դպրոցների՝ տարեցտարի առավել ներկայանալի դառնալու ձգտումը։ Քաղաքապետարանն այս իմաստով բացի մրցութայինը, շատ այլ եղանակներով է խրախուսում այս դպրոցներին։ Քաղաքապետարանն այսօր մեծ ներդրումներ է անում նաեւ երաժշտական ու արվեստի դպրոցներում՝ բարելավելով շենքային պայմանները վերանորոգումներով, գույքի համալրումով եւ այլն։ Քաղաքապետարանը նաեւ հետեւողական է եւ պատրաստակամ լավագույն երեխաներին աջակցելու հարցում, ինչպես օրինակ միջազգային մրցույթների մեկնելիս եւ այլն»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ հավելել, որ դպրոցների առաջընթացին զուգահեռ՝ ամրապնդվում է նաեւ մրցույթ-փառատոնի հեղինակությունը. այս մրցույթի արդյունքները ծանրակշիռ են նաեւ երաժշտարվեստի զարգացմանը սատարող հիմնադրամների համար։
Մրցույթ-փառատոնի մասնագիտական հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ վերջին շրջանում ակնհայտ է դարձել առանձնահատուկ մոտեցումը ազգային նվագարաններին եւ նկատել, որ մրցույթը նաեւ դասական երաժշտության ինքնատիպ քարոզչություն է, որը շատ ծնողների կողմնորոշում է դպրոցահասակ երեխաներին ուսման տալ երաժշտական կրթօջախներում։
Գալա-համերգը, ինչպես ամեն տարի, ամփոփվել է Երեւանի օրհներգով, որը կատարել են երաժշտական դպրոցների երգչախմբերի սաները։





























