«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն, այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու նիստում առաջարկել է օրակարգից հանել Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Մարշալ Բաբաջանյան փողոցին հարող զբոսայգում տեղադրելու վերաբերյալ հարցը:

Մարտիրոսյանը իր խոսքում նշել է. «Որոշ ժամանակ առաջ մենք մի փոքր հապշտապ Միկոյանի արձանը տեղադրելու հետ կապված որոշում ընդունեցինք, որը բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ: Հիմա եկել է եւս մեկ խնդրահարույց պահ, քանի որ Համազասպ Բաբաջանյանն էլ հայտնի է Հունգարիայում տեղի ունեցած իրադարձությունների ճնշման փաստով: Ամբողջ հրամանատարությունն իրեն էր ենթարկվում եւ ինքն էր կազմակերպում: Կա տեղեկություն (համենայնդեպս ես լսել եմ), որ նույնիսկ մեր մյուս մարշալը՝ Բաղրամյանը, նրան նախատել է, որ նմանատիպ վտանգավոր խաղի մեջ է մտել: Խնդրահարույց կետերից մեկն էլ այն է, որ երեւի թե ինչ-որ պատճառ կար, որ խորհրդային ժամանակահատվածում մեր բոլոր մարշալների արձանները կամ կիսանդրիները եղել են, բայց Համազասպ Բաբաջանյանինը չի եղել: Ուստի կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ մենք հետաձգեինք այս հարցի քննարկումը»:

Ի հակադրություն այդ առաջարկի թե՛ գլխադասային հանձնաժողովի նախագահ Թամար Պողոսյանը, թե՛ ավագանու մի շարք այլ անդամներ իրենց ելույթներում նշել են, նման արձան Երեւանում եղել է եւ ԼՂՀ ղեկավարության խնդրանքով տեղափոխվել է Արցախ՝ հետագայում այլ արձան ունենալու պայմանով:

Ըստ այդմ, չնայած «Բարեւ Երեւան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, այդուամենայնիվ քվեարկության մասնակիցները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել մարշալ Բաբաջանյանի արձանի տեղադրման առաջարկին: