Ստամբուլի Քումքափը թաղամասին կից ծովափին հունիսի 14-ի գիշերը սպանված հայաստանցի Համբարձում Հարությունյանի հարազատները զարմանում են, թե ինչու Հայաստանի իշխանությունները, ոստիկանությունը այս գործով չի զբաղվում: NEWS.am-ի հետ զրույցում Համբարձումի քույրը՝ Ռուզաննա Հարությունյանը, որը եղբոր սպանությունից րոպեներ անց դեպքի վայր էր գնացել՝ դիակը ճանաչելու, հայտնեց, որ հունիսի 23-ին դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

«Երեկ գնացել եմ ոստիկանություն, ասել եմ, որ եղբորս սպանել են, իրենք էլ թե Թուրքիայի ոստիկանությունը դրանով զբաղվում է, դրա համար իրենք չեն կարող այդ հարցով զբաղվել: Բայց ես սա այսպես չեմ թողնելու, եղբորս սպանել են, գնալու եմ Գյումրի, գտնեմ էդ տղայի հարազատներին, մեկին վերցնեմ, բերեմ պահեմ, մինչեւ որ էդ դանակահարողը ոստիկանություն չի ներկայացել: Վրեժխնդիր եմ լինելու, անմեղ ախպորս են սպանել: Ցեղասպանություն են անում, հայը հային է սպանում»,- ասաց տիկին Ռուզաննան:

Սպանված հայի հարազատների պատմելով` սպանողի անունը Ստեփան է, Գյումրի քաղաքից, Ստամբուլում անօրինական էր ապրում: Դեպքից արդեն 10 օր է անցել, սակայն նրան դեռ չեն հայտնաբերել:

«Պապայիս հետ գնացել էինք ծովափ, մեզ հետ պապայիս երկու ընկերներն էին: Մեկ էլ տեսանք, որ մեր կողքին երկու տղա հայհոյում են, պապայիս ընկերը խնդրեց, որ չհայհոյեն: Էդպես սկսեցին վիճել, իրար հարվածել, բայց պապաս չէր խառնվում, ինքը մի կողմի վրա կանգնած էր: Երբ տեսա, որ իրեն հարվածում են, մոտեցա, ասացի, որ չխփեն ու էդ պահին ինձ խփեցին, հայերից մեկը ինձ տարավ իրենց տուն, հետո էլ հիվանդանոց: Ես չգիտեի, որ պապայիս դանակել են, թե չէ չէի թողնի ու գնայի: Իսկ սպանողին մի քանի անգամ տեսել եմ, մեր թաղամասերից էր, դե էդ մասում մենակ հայեր են ապրում»,- պատմեց Համբարձում Հարությունյանի 11-ամյա Գառնիկը, որը դանակի երկու հատված է ստացել:

Գառնիկն արդեն ոստիկանությունում ցուցմունք տալիս բողոք է ներկայացրել, ինչպես նաեւ պահանջել, որ հորը սպանողին Հայաստան չտեղափոխեն:

«Ես չգիտեի էլ էդ մասին, հետո եմ իմացել, որ տղաս նման բան է արել, բոլորս էլ չարությամբ ենք լցված, էդ սպանողը պետք է պատասխան տա: Վիրավորված ենք նաեւ, որ էդ Ստեփահի հարազատներից եւ ոչ մեկը չի եկել, մի բան չի ասել, չի ցավակցել: Բա իմ ամուսինը փակ դագաղի՞ն էր արժանի: Չարությամբ ենք լցվել ես էլ, տղաս էլ»,- ավելացրեց սպանվածի կինը` Քրիստինե Մամիկոնյանը:

Նշենք, որ Համբարձում Հարությունյանը Թուրքիա էր մեկնել անցած տարվա սեպտեմբերին կնոջ, երեք անչափահաս երեխաների, մոր եւ քրոջ հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով թուրքական Medya73 կայքին, հայտնել էր, որ  Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ Քումափը թաղամասին կից ծովափում վիճաբանել են: Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում դանակահարվել են հայր ու որդի Հարությունյանները: 36-ամյա Համբարձում Հարությունյանի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա որդին եւ եւս մեկ այլ հայ՝ Մարտին անունով, տեղափոխվել են հիվանդանոց: Մարտինը հայտնել է, թե երեք հոգի իրենց դանակահարել եւ հեռացել են: