Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը զարմանում է, որ հասարակությունը զարմացել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի այն հայտարարությունից, թե քառյակ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը հնարավոր է:

«Ես չեմ կարծում, որ այս համագործակցությունը մինչեւ այսօր չի եղել եւ այսօր պետք է լինի կամ չպիտի լինի: Զարմանում եմ, որ զարմանում եք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ արդյոք մարտի 1-ի դեպքերից հետո Հայ ազգային կոնգրեսը կհամաձայնվի համագործակցել ՀՀ երկրորդ նախագահի հետ, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Դեռ 90-ականներին Հայաստան- Թուրքիա համագործակցության վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ հիմնական սկզբունք՝ քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ եւ հավերժ բարեկամներ, կան հավերժական շահեր: Եթե շահերը համընկնեն, ինչո՞ւ չէ, կհամագործակցի: Ես հավանական եմ համարում քառյակի եւ Քոչարյանի համագործակցությունը»:

Այնուամենայնիվ, Կարեն Քոչարյանը չի բացառում, որ ՀԱԿ-ում կլինեն անհատներ, որոնք չեն համաձայնվի համագործակցել երկրորդ նախագահի հետ:

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ստեփան Մարգարյանը մասնավորապես ասել էր. «Ողջունում եմ եւ շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատեւ կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է»: ԲՀԿ-ի ներկայացուցիչը չի կիսում Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող քննադատությունը, թե նա իրավունք չունի խոսելու, քանի որ բոլորը հիշում են իր պաշտոնավարման տարիներին կնքված կասկածելի գործարքներն ու կոռուպցիայի մակարդակը.  «Ես համաձայն չեմ, որ ոչ թափանցիկ գործարքներ են եղել այն ժամանակ: Եթե ինչ-որ ժամանակ նույնիսկ ինչ-որ բան տեղի ունեցած լինի, կարծում եմ, երկիրը դատապարտված չէ կրկնելու նույնը, չէ՞: Ես կարծում եմ, որ եթե Քոչարյանը խոսում է այդ մասին, ուրեմն ինքը վստահ է, որ իր ժամանակ համենայն դեպս այդ աստիճան չի եղել»: