Հայաստանի իշխանությունները ջուր են լցնում ներմուծողների ջրաղացին: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումը բացասաբար կազդի տեղի արտադրողների վրա, որոնք առանց այդ էլ ծանր պայմաններում են գտնվում: «Մրցակցությունը ներմուծվող ապրանքների հետ նրանց հեշտ չի տրվում, հաշվի առնելով, որ Հայաստանի էներգիայի գինը անընդհատ աճում է»,-ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ տեղի արտադրողները առանց այդ էլ ծանր պայմաններում էին 2013-ին գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո: «Հիմա հերթական թանկացումից հետո, անհասկանալի է, ինչ են նրանք անելու: Նրանց հետ նաեւ մենք՝ սպառողներս, քանի որ մենք ստիպված ենք լինելու գնել ավելի թանկ ապրանքներ»,-ընդգծել է Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ դա չի նշանակում, որ սպառողները չպետք է պաշտպանեն իրենց շահերը, բայց հասցեատերը պետք է լինի պետությունը, որը որոշում է կայացրել թանկացնել էլեկտրաէներգիան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3,85 դրամով եւ կկազմի 41,85 դրամ:





























