Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում գտնվող կառավարական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին ԼՂՀ իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ ծանոթացավ Արցախի գյուղատնտեսության ոլորտին:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծանոթությունն սկսվեց Արցախի գյուղատնտեսության նախարարության վերջերս շահագործման հանձնված շենքի աշխատանքային պայմաններից, ուր եւ կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արտահայտվեցին համագործակցության ներկայիս վիճակի մասին: Արցախի գյուղատնտոսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի կարծիքով, վերջինիս արդյունքները գնալով ավելի տպավորիչ են դառնում: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հավաստիացմամբ` լինելով նույն տնտեսական դաշտում եւ խնդիր ունենալով ավելի խորացնել փոխադարձ ինտեգրումը, Հայաստանի գյուղատնտեսության պատասխանատուները այսուհետ եւս կշարունակեն համակողմանիորեն նպաստել Արցախի գյուղատնտեսության զարգացմանը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում ոլորտի պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, նախարարները եղան հանրապետական անասնաբուժական լաբորատորիայում, որը վերջերս է համալրվել ժամանակակից սարքավորումներով եւ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության եւ սերմերի որակի ստուգման կենտրոն»-ի ցանքսերում` ծանոթացան մշակվող սորտերին:




























