Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների վերջին շփումները մտածել են տալիս, որ Ռուսաստանը շահագրգռված է հնարավորինս արագ չեզոքացնել մեր տարածաշրջանում իր շահերի դեմ ուղղված սպառնալիքները եւ շտապում է պարզել, թե ինչ կարժենա դա իր համար:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նա մասնավորապես ասել է.
«Ռուսաստանը սպասելու ժամանակ չունի՝ ուկրաինական ճգնաժամը դեռեւս շարունակում է խորանալ, իսկ դրան զուգահեռ արդեն իսկ նշմարվում են Ռուսաստանին հարող այլ տարածաշրջաններում հասունացող զինված հակամարտությունների նոր օջախները:
Սա նշանակում է, որ ՌԴ-ն պետք է շատ հստակ պատկերացում ունենա, թե իր անմիջական հարեւաններից որոնք են իր դաշնակիցներն ու բացահայտ կամ դեռ ծպտյալ թշնամիները: Ասվածի համատեքստում այն տպավորությունն է ստեղծվում, որ Ռուսաստանն Արցախյան հիմնահարցի արժեքի շուրջ առեւտուր է վարում եւ քանի որ Հայաստանի պահանջած նվազագույնը պարզ է՝ խնդիրն Ադրբեջանն է մնում:
Պաշտոնական Երեւանը, դատելով ամեն ինչից, պատրաստ է հանձնել ազատագրված տարածքների գերակշիռ մասը՝ Արցախի անկախությունն Ադրբեջանի կողմից ճանաչվելու պայմանով: Ռուսաստանի խնդիրն է՝ համոզել Ադրբեջանին, որ ընդունի այս տարբերակը հենց իր միջնորդությամբ: Այս պահին միակ գինը, որ կբավարարի Ալիեւին՝ ամբողջ Արցախն է:
Աշխարհաքաղաքական զարգացումների բերումով Ադրբեջանը շուտով դառնալու է Ռուսատանի թիվ մեկ թշնամին մեր տարածաշրջանում եւ Մոսկվան կձգտի անել հնարավորն՝ իր դեմ ուղղված բացահայտ թշնամական գործողություններից Ադրբեջանին հետ պահելու համար:
Առաջիկայում միակ բանը, որ Ռուսաստանը կարող է առաջարկել հակամարտության կողմերին՝ նրանց անդամակցությունն է Եվրասիական տնտեսական միությանն առանց սահմանների խնդիրը դիտարկելու, իսկ այդ հարցին անդրադառնալ վերահաս ժգնաժամը համատեղ ուժերով հաղթահարելուց հետո միայն: Եթե Ռուսաստանը դիմանա իրեն սպասող ճնշումներին, ապա հետո կկարողանա Հարավային Կովկասում ցանկացած հարց լուծել իր նախընտրած տարբերակով: Այսինքն՝ այսպիսով ռուսները կարող են հետաձգել խնդրի լուծումը, հակամարտության կողմերից յուրաքանչյուրին խոստանալով, որ ավելի ուշ այն հենց իրենց օգտին կհանգուցալուծվի»:





























