Եթե աշխատանքը շարունակելու համար Հայաստանի էներգետիկ ընկերություններին գումար է անհրաժեշտ, ապա գումարը թող չվերցնեն սպառողների գրպանից: Այդ մասին այսօր՝ հունիսի 25-ին, հայտարարեց Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը:

Նրա խոսքով՝ սպառողները պետք է վճռական գտնվեն. եթե նրանք էլեկտրաէներգիայի թանկացումը անարդար են համարում, (իսկ այդպես շատերն են կարծում) ապա ավելորդ գումար վճարել պետք չէ: «Հասարակությունը պետք է պայքարի, եւ մենք կկանգնենք նրա կողքին», - հավաստիացրեց Հայթյանը՝ չպարզաբանելով՝ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները, եթե անգամ մասնակի չվճարման համար անջատում են էլեկտրաէներգիան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ/ժ-ի համար 3.85 դրամով կավելանա: Ցերեկային սակագինը կկազմի 41.85 դրամ (10,2 ցենտ): Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարզաբանմամբ՝ բարձրացումը անհրաժետ է էներգետիկ համակարգում առկա 17.9 մլրդ դրամ (43 մլնդ դոլար) ֆինանսական պակասուրդը ծածկելու համար: