Այս տարվա միասնական ընդունելության քննությունների ժամանակ գրանցվել են տեխնիկական միջոցներ օգտագործելով՝ թեստային հարցերին պատասխանելու դեպքեր, այդ դիմորդները հեռացվել են քննությունից և այս տարի չեն կարող կրկին քննություն հանձնել: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որն այցելել էր Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:
«Կանխվել են նորագույն տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձեր, այդ դիմորդները հեռացվել են լսարանից եւ հիմա փորձում են դիմումներ գրել, որ նորից հանձնեն քննությունը: Նախարարության տեսակետն այստեղ շատ խիստ է և արդար: Մենք թույլ չեն տալու նման դիմորդներին նորից մասնակցել քննություններին, որովհետեւ նախարարությանը, ԳԹԿ-ին դիմորդների խաբելու ցանկությունը չի կարող որևէ բանով արդարացված լինել: Մեր դիմորդները, նրանց ծնողները բավականին ստեղծարար են այս տեսակետից: Գուցե եթե այդ երեխաները ընդունվեին, կարող էին լավ մասնագետներ լինել, բայց ինչպես մի խորհրդային ֆիլմում էր ասված՝ հնարքի համար՝ 5, գիտելիքի համար՝ 2»,-ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ իրենք գրավոր միասնական ընդունելության քննությունների թեստերի բովանդակությունից և քննությունների անցկացման ընթացակարգից որևէ մտահոգություն կամ դժգոհություն չունեն:
Նշենք, որ այսօր մեկնարկել են ընդունելության ներբուհական և բանավոր քննությունները, երկու օր է՝ ավարտվել է գրավոր միասնական ընդունելության քննության առաջին փուլը: Երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ից, քննություն կհանձնեն բանակից զորացրված և հիվանդության պատճառով քննությանը չներկայացած դիմորդները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























